Saturday, September 27, 2014

Fwd: FW: News from the Gulf


ԾՆՆԴԱՎԱՅՐՍ՝ ԱՐԱԲ ԲՈՒՆԱՐ, ԱՅՆ ԷԼ ԱՐԱՊ, ՔՈՊԱՆԻՆ

ԽԱՉԱՏՈՒՐ ԱՒԱԳ ՔԱՀԱՆԱՅ ՊՕՂՈՍԵԱՆ

Արաբ Բունար Այն էլ Արապ ծննդավայրս այսօր աւելի լաւ ձեւով յայտնի ու ճանչցուած Քոպանին գրաւուելու վտանգին տակ է։ Կը կարծուի որ գիւղաքաղաքը կրնայ մի քանի օր կամ ժամեր ետք իյնալ, եթէ քիւրտ մարտիկները քաջաբար չդիմադրեն ու չփրկեն իրենց քաղաքը՝արդիական ծանր զէնքերով յառաջացող «Իսլամական Պետութեան» հրոսակներէն։ 

Կեանքիս մէջ օր մը մտքէս չէի անցուցած, որ ծննդավայրս կրնար աշխարհի լրատուական լուսարձակներուն կեդրոնը գտնուիլ, բայց եղաւ, ինչպէս երբեմն եղաւ մօրս ծնողաց բնակած Ազէզը, որ Արաբ Բունարի պէս աննշան վայր մըն էր Հալէպէն ոչ շատ հեռու Թուրքիոյ սահմանին մօտ։

Երբ փոքր էի կը կարծէի որ Արաբ Բունարը աշխարհի ամենէն հեռաւոր վայրին մէջ կորսուած աննշան տեղ մըն էր, ուր ես ծնած էի՝ բաղդէս։ 

Ջարդերէն մազապուրծ ազատուած մեծ ծնողքս նախ Հալէպ հաստատուած էին եւ յետոյ չեմ գիտեր ինչու Արաբ Բունար եկած էին։ Երբ փոքր էի, մտքէս կ՛ըսէի՝ «մարդ աշխարհի ամենէն մեծ ու գեղեցիկ Հալէպ քաղաքը կը ձգէ ու հոս կու գա՛յ։» Կը խորհէի թերեւս հնարաւոր ըլլայ ձեւով մը մեր տունը բեռնակառքի մը կամ հանրակառքի մը վրայ բեռցնէին եւ Հալէպ փոխադրէին...։


Մեր գիւղաքաղաքին մէջ երկու մզկիթներ կային եւ անոնց քիւրտ սուննի եւ շիի հաւատացեալները երբեմն Ուրբաթ օրուան աղօթքի քարոզէն ետքը իրարու դէմ բուռն կռիւներ կ՛ունենային։ 


Անունը Արաբ Բունար էր, բայց այնտեղի արաբները իմ կարծիքով միայն քաղաքին կառավարական պաշտօնեաներն ու իրենց ընտանիքներն էին, քաղաքապետ, դատաւոր, ոստիկան, դպրոցի տնօրէն, ուսուցիչներ բանտապահներ, եւ քանի մը սահմանապահ զինուորներ, մնացեալը՝ քիւրտեր էին մեծաւ մասամբ, եւ հայեր իրենց առաքելական եւ կաթողիկէ եկեղեցիներով, եւ հայախօս սուրիանիներ՝ իրենց եկեղեցիով, ու մի քանի թուրքման, զազա ու չերքէզ ընտանիքներ։

Արաբ Բունարը ունէր երկու մասեր՝ «ջուրէն ասդին» եւ «ջուրէն անդին»՝ գետակ մը կ՛անցնէր մէջտեղի կամուրջին տակէն։

Թուրքիան՝ մեր տունէն հազիւ 200 քայլ անդին էր, եւ միջոցին՝ կար մաքսատունը եւ դաշտ մը ուր դպրոցէն արձակուելէ ետք զանազան խաղեր կը խաղայինք, եւ երբեմն, երբ մեր մէջ հայկական արիւնը եռար՝ թուրք տղոց վրայ պարսատիկով քար կը նետէինք, իրենք ալ մեր վրան։ 

Մեր սահմանին վրան միայն մի քանի սուրիացի զինուորներ կային, մինչդեռ թրքական կողմի՝ զինուորականներուն թիւը անհամեմատ աւելի մեծ էր, եւ այդ էր գլխաւոր պատճառը իմ հոն ապրիլ չուզելուս։ Կ՛ուզէի հեռու ըլլալ թուրքերէն,՝որովհետեւ անոնք մեծ ծնողներուս հարազատները սպաննած էին եւ բռնագրաւեր էին իրենց տուներն ու կալուածները, որոնց փաստաթուղթերը մեծ հօրս տան խոշոր սնտուկին մէջն էին։ 

Սկիզբը Արաբ Բունարի բոլոր վաճառականները, արհեստաւորները, բժիշկներն ու մարզիկները հայեր էին, վերջը քիւրտերն ալ սկսան։ Ունէինք երկու ակումբներ ՀՄԸՄ եւ ՀԲԸՄ/ՀԵԸ, իրենց սկաուտական կազմերով փողերախումբերով եւ ֆութպոլի խումբերով, որոնք կը մասնակցէին Հալէպի մէջ Սուրբ Զատկին տեղի ունեցող տարեկան միջ-մասնաճիւղային զոյգ մրցումներուն ու տողանցքներուն։ 

Հայերը առաւելաբար Ուրֆա-Կարմուճի եւ Տիգրանակերտի բարբառներով կը խօսէին իրարու հետ։

Ծնած ժամանակ Արաբ Բունարի ժողովուրդին մեծամասնութիւնը քիւրտ էր։ Հայերն ալ շատ էին, այնքան շատ որ ունէին երկու դպրոցներ՝ Խրիմեան ազգային նախակրթարան վարժարանը, ուր կը յաճախէին քոյր եղբայրներս եւ ես, կար նաեւ Բարեգործականի Աւետիս Սարաֆեան նախակրթարան վարժարանը: Տարեվերջերուն փառաւոր դպրոցական հանդէսներ կ՛ունենայինք ու ես հարմոնիքա եւ աքորտէոն կը նուագէի: Ունէինք նաեւ թատերախումբեր։ 

Մեր գիւղաքաղաքի հայերուն մեծամասնութիւնը՝ Ուրֆացի/ Կարմուճցիներ էին, յետոյ՝ Տիգրանակերտցիներ՝ որոնց մեծամասնութիւնը իրարու ազգականներ էին եւ ջուրէն ասդին կը բնակէին՝ Թուրքիոյ սահմանին մօտ։ Կային նաեւ Պէրէճիկցի հայ ընտանիքներ։

Բայց, տարուէ տարի հայոց թիւը նօսրացաւ, Տէր Հայր եւ հայ ուսուցիչներ հեռացան, եկեղեցին այնքան ատեն որ հայրս հոն էր՝ բաց մնաց, Խրիմեան վարժարանը փակուեցաւ, հայոց կալուածները յանձնուեցան Հալէպի Առաջնորդարանին։ Բարեգործական դպրոցը բաւական ատեն բաց մնաց, եւ հոն յաճախող աշակերտներէն ոմանք Կիրակի օրերը հօրս հետ Սուրբ Պատարագի շարականները երգեցին տարիներով։ Մեր ակումբները փակուեցան, վաճառատուներն ու տուները ծախուեցան, մնացին միայն մէկ ձեռքի վրայ հաշուող հայեր՝ բժիշկ եւ դեղագործ։

Ունէինք գեղեցիկ լիճ մը ուր պտոյտի կ՛երթայինք, բայց դժբախտ օր մը անակնկալ հեղեղին քշած տիղմը անոր ակին աչքերը չորցուց եւ զայն խաղադաշտի վերածեց։ Կար նաեւ Պըզպըզ ակը, որուն ջուրը շատ համով, թեթեւ ու մարսողական էր։ 

Հայերը ունէին ֆութպոլի երկու դաշտեր։ Բլուր մը ունէինք՝ որուն գագաթին սրբատեղի մը կար Զիարաթ անունով։ Տարուան մէջ մի քանի անգամ հոն ուխտի կ՛երթայինք աղօթքի ու մոմ վառելու, անծանօթ սուրբին գերեզմանին։ Մեծ հօրս գերեզմանը հիմա այդ կողմերը կը գտնուի։ Հայերը գերեզմանատուն մը ունէին քաղաքապետարանէն քիչ մը անդին, որ երբեմն կը սրբապղծուէր քիւրտերուն կողմէ։ Քառասուն տարի է որ չեմ գացած հոն։

Հիմա, քաղաքին տէրերը՝ քիւրտերն են որոնք իրենց կեանքերը փրկելու համար Թուրքիա փախած են, եւ երիտասարդ կամաւորներէն ոմանք իրենց ընտանիքը հոն ձգած կը վերադառնան իրենց քաղաքը՝ ամրակուռ շարքերով կռուելով ու փրկելու Սուրիոյ երեք ամենէն աւելի քիւրտերէն բնակուած կեդրոնններէն մէկը՝ ծննդավայրս՝ որ ունի երեք անուններ՝ Սրաբ Բունար, Այն Էլ Արապ, Քոպանի...։

Նիս, 27 Սեպտեմբեր, 2014

Friday, September 26, 2014

«Թեքեյանական խաղեր» մարզական միջոցառում Հայաստանի եւ Արցախի աշակերտների համար

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը շարունակում է աջակցություն ցուցաբերել հայ կրթօջախներին եւ իր մարդասիրական գործունեությամբ կապող օղակ հանդիսանալ Հայաստանի եւ Արցախի Թեքեյան դպրոցներին միջեւ: Սեպտեմբերի 20-ին եւ 21-ին հիմնադրամն իրականացրեց իր հերթական միջդպրոցական ծրագիրը` երրորդ «Թեքեյանական խաղեր» մարզական միջոցառումը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին:

 

Միջոցառման նպատակն էր ակտիվացնել դպրոցներում մարզական կյանքը եւ բարձրացնել սպորտի դերը, նպաստել երեխաների առողջության ամրապնդմանն ու առողջ ապրելակերպին, ինչպես նաեւ նպաստել տարբեր մարզերում գտնվող դպրոցների միջեւ սերտ համագործակցությանն ու համախմբմանը:

 

«Թեքեյանական խաղեր - 2014» անցկացվեց Գյումրի քաղաքում` Վ. Թեքեյանի անվան թիվ 2 ավագ եւ Լորդ Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցներում: Մրցույթն ընդգրկում էր յոթ մարզաձեւ` շախմատ, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, վազք, հրում գետնից: Մասնակցում էր վեց թիմ` թվով 90 աշակերտ եւ մարզիչ, Հայաստանի (Երեւան, Գյումրի, Ստեփանավան, Կարբի) եւ Արցախի (Բերձոր)` Վ. Թեքեյանի անվան դպրոցներից, ինչպես նաեւ Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցից: Հիմնադրամը հնարավորություն էր ընձեռել աշակերտներին իրենց թիմային հաջող մասնակցությամբ մրցանակներ շահել եւ օգտակար լինել հարազատ դպրոցին:

 

Բոլոր մասնակից-թիմերն էլ աչքի ընկան իրենց մարտական տրամադրությամբ, հաղթելու մեծ ցանկությամբ եւ ֆիզիկական պատրաստվածությամբ: Երկօրյա համառ պայքարից հետո մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ`

 

Կարբի                  – առաջին մրցանակ

Երեւան                                 – երկրորդ մրցանակ

Ստեփանավան                – երրորդ մրցանակ

Բերձոր                                  – խրախուսական մրցանակ

Գյումրի "Թեքեյան"           – խրախուսական մրցանակ

Գյումրիի "Բայրոն"           – խրախուսական մրցանակ

 

 

«Թեքեյանական խաղեր - 2014» մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Գյումրիի Վ. Թեքեյանի անվան դպրոցում, որն էլ պատրաստել էր նաեւ տոնական ձեռնարկ` դպրոցի ակրոբատների, երգիչների մասնակցությամբ:

 

Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, պատվոգրերով եւ մրցանակներով պարգեւատրելով բոլոր մասնակից-թիմերին եւ նորանոր նվաճումներ ու հաջողություններ մաղթելով, հավելեց. «Թեքեյանական խաղերում պարտվողներ չկան, քանզի մարզական այս ծրագիրը նպաստում է առողջ երիտասարդ սերնդի ձեւավորմանը, ընկերական շփմանն ու նոր կապերի հաստատմանը»: Տնօրենը նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր դպրոցներին, մասնավորապես Գյումրիի Թեքեյան եւ Բայրոն դպրոցներին` մեծապես աջակցելու ծրագրի իրականացմանը:

 

Միջոցառումը եզրափակվեց դպրոցների ներկայացուցիչների շնորհակալական խոսքով, ովքեր բարձր գնահատեցին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի ջանքերը` հոգալ հայ աշակերտության մասին եւ սպորտի միջոցով կոփել ու կրթել դպրոցականներին:

Monday, September 22, 2014

Հայ Դատի հարցերով զբաղվելը ոմանց համար դարձել է հոբբի

Անուշ Թրվանց 

Սեպտեմբեր 22 2014 

«Հայ Դատի հարցերով զբաղվելը ոմանց համար դարձել է հոբբի» Պատմաբան, իրավաբան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը Հայաստան-Սփյուռք 5-րդ խորհրդաժողովից հետո պատասխանեց 168.am-ի հարցերին - 

Պարոն Պապյան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարեց, որ առաջիկայում Անթիլիասը դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի հայոց կաթողիկոսության աթոռանիստ կենտրոնը՝ Սիսն ու հայապատկան կալվածքները վերադարձնելու պահանջով: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը, իրավական ի՞նչ հիմք ունի: 

- Դրական եմ վերաբերվում Արամ Ա կաթողիկոսի հայտարարությանը: Կալվածքները ետ պահանջելու հարցը քննարկվել է դեռևս տարիներ առաջ՝ Անթիլիասում տեղի ունեցած Իրավաբանների միջազգային համաժողովի ընթացքում, որին նաև ես էի մասնակցում: Խնդիրն այն է, որ ոչ թե թուրքական դատարանը մեզ համար հարց պիտի լուծի, այլ մենք պետք է սպառենք Թուրքիայի ներպետական դատավարական ընթացքը: Եթե մենք դա չսպառենք, հակառակ դեպքում մեր հայցը չեն ներկայացնի Մարդու իրավունքների եւրոպական դատարան: Ներկայացված հարցը ցեղասպանության հետ կապ չունի: Խնդիրը սեփականությունից անօրինական զրկվելու և այն պահանջելու հետ է կապված: Երբ որ կա իրավական անձ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (անկախ նրանից՝ Սիսո՞ւմ է, թե՞ Անթիլիասում է՝ այն մեկ մարմին է) շատ հեշտ է ապացուցել իրավաժառանգությունը: Որպես կանոն, նման դեպքերում, անհատների պարագայում, խնդիրը միշտ լինում է իրավաժառանգությունը: Ապացուցել, որ ինչ-որ տարածքներ, խանութներ, եկեղեցիներ, հողամասեր, շենքեր պատկանել են Սիսի կաթողիկոսությանը, բավական ավելի հեշտ է, որովհետև դրան առնչվող ավելի շատ թղթեր են պահպանված, քան՝ անհատների սեփականություններին վերաբերող: Ի վերջո, չմոռանանք, որ այդ ամբողջ թղթաբանությունը ժամանակին տեղափոխվեց Երուսաղեմ, հետո գնաց Անթիլիաս: 

 - Իսկ ի՞նչ արդյունք եք ակնկալում: - Որոշակի արդյունք, այնուամենայնիվ, ակնկալում եմ: 

Ենթադրում եմ, որ փաթեթ է պատրաստվելու, որի մեջ առանձին-առանձին ներառվելու են տարբեր սեփականության խնդիրներ: Արամ Ա-ն նշում էր Սիսի՝ աթոռանիստի մասին, բայց Սիսը բավականին մեծ հարստություն է ունեցել: Ես ժամանակին կարդացել եմ, որ Սիսի կաթողիկոսարանը 30 հազար քմ տարածքով խանութներ է ունեցել Ադանայի կենտրոնում: Այսօր Ադանայի կենտրոնում 30 հազար քմ-ը եթե 1000 դոլարով բազմապատկենք, 30 միլիոն դոլար է ստացվում, որը լուրջ սեփականություն է, գումարած նաև, որ այդ տարածքի վրա շինություններ են կառուցվել և այլն: 

 - Միջազգային պրակտիկայում եղե՞լ են նման դեպքեր, որ դրական ավարտ ունենան: 

Այո, իհարկե, առաջին դեպքը չէ: Նման բաներ շատ են լինում: Ես Կանադայում տեսել եմ, թե ինչպես հնդկացիները դատ բացեցին և շահեցին, հրեաներն են նման պահանջներ դրել և հասել արդյունքի, դեպքեր են եղել Լեհաստանում, Չեխիայում, այլ երկրներում: 

- Պարզապես երկար ժամանակ պահանջող գործ է… 

Դե այսօր սովորական դատավարություններն են երկար տևում, ինչ մնաց նման մի մեծ դատավարություն: Տարիներ են տևում, բայց ամեն դեպքում, եթե մենք արդյունք ունենանք, դա նախադեպ կստեղծի, որը ոգևորություն կառաջացնի: Ես ընդհանրապես կարծում եմ, որ Ամենայն հայոց կաթողիկոսն էլ նման քայլեր պիտի ձեռնարկի: Չոռանանք, որ այսօր Թուրքիան օկուպացնում է նախկին Ռուսական կայսրության Կարսի մարզը, որտեղ Էջմիածինը սեփականություններ է ունեցել, դրա մասին էլ պետք է մտածել: Օրինակ, հայտնի Սանասարյան վարժարանը, որ Էրզրումում է գտնվել, Թիֆլիսի Կրթասիրաց միության սեփականությունն է եղել: Խոսքն այն մասին է, որ Թուրքիայի տարածքում էլ Էջմիածնի կաթողիկոսությունը սեփականություն է ունեցել, ամեն ինչ չէ, որ Օսմանյան կայսրության տարածքում է: Այսպիսի շատ հետաքրքիր բաներ կան, որ մենք չգիտենք, ավելի մասնագիտական պիտի նայվի այս հարցերին: Ուղղակի նրանց թղթերը գտնելն ավելի դժվար է, բայց կարելի է գտնել ինչ-որ բաներ, պարզապես զբաղվել է պետք: 

 - Հայաստանյան կողմի արձագանքը՝ Արամ Ա-ի հայտարարությանը, ինչպիսի՞ն էր: 

Արձագանք կա, Էդվարդ Նալբանդյանը մոտավորապես ասաց, որ դրական է վերաբերվում: Նման գործ սկսելը, ընթացք տալը արդեն շահեկան է մեզ համար, այնպես որ ես դրական եմ համարում Արամ Ա-ի նախաձեռնությունը: Սա այս խորհրդաժողովի թերևս ամենագործնական քայլն էր, և թերևս գործնական քայլ կարելի է համարել նաև նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը (կամ կիսախոստումը), որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից ետ են կանչվելու: Նախագահի ձևակերպումն այն էր, որ դրանք արդեն իրենց դերը կատարել ու սպառել են: Մնացած ամեն ինչը այս խորհրդաժողովի ընթացքում մնացին գեղարվեստական բնույթի կոչերի սահմաններում: 

- Իսկ Ձեր կարծիքով, այդ գեղարվեստական կողմը ե՞րբ պիտի մեղմվի, արդեն 5-րդ խորհրդաժողովն է, բայց դեռ գեղարվեստական շունչն էր իշխում: 

Մի մոռացեք, որ Հայ դատով հիմնականում մարդիկ զբաղվում են ոչ թե որպես մասնագիտություն, այլ՝ որպես հոբբի: Հայ Դատով զբաղվելը ոմանց համար հոբբի է, ոմանց համար՝ նաև հաճույք է, պատիվ է, ոմանք ասում են՝ նաև փող է, ոմանց համար գործ է: Իհարկե, մեծ մասը հայրենասիրությունից դրդված է անում, բայց հայրենասիրությունը դեռ մասնագիտություն չէ: Կարող ես հայրենասեր լինել, բայց մասնագետ չլինել: Ես միշտ ասում եմ՝ եղբայր, մի հրեա իրավաբան վարձեք, թող լինի հակահայ, բայց լինի լավ մասնագետ, իր փողը տվեք, իր գործը թող լավագույնս անի, իսկ իր ներքին համոզումը ինչ է՝ ինձ պետք չէ: Այդ գեղարվեստականը պետք է ընդունել իբրև ընդհանուր պայքարի ածանցյալ: Ես երկար տարիներ ապրել եմ սփյուռքում, գիտեմ, որ սփյուռքը շատ ավելի էմոցիոնալ է, իր խոսքի ոճի մեջ ճոխություն է սիրում… 

- Հայաստան-Սփյուռք կապերի առումով խորհրդաժողովների ինստիտուտն իրեն արդարացնո՞ւմ է: 

Իմ կարծիքով՝ դեռ կմնան այս խորհրդաժողովները, բայց կան բաներ, որ պետք է փոխել: Օրինակ, ինձ համար ընդունելի չէ, որ այս խորհրդաժողովների ընթացքում բերում, հայտարարության տեքստ են տալիս, որ օրվա վերջում ընդունվի: Դրանք հիմնականում նախագծեր են լինում, իսկ որևէ նախագիծ, ընդունվելուց առաջ պետք է նախօրոք քննարկվի: Ի վերջո, ի-մեյլի դարում դրանք նախօրոք տարածելը խնդիր չէ, գոնե մի շաբաթ առաջ պիտի տարածվեն, մարդիկ ծանոթանան, իրենց առաջարկները քարտուղարություն ուղարկվեն, քննարկվեն, նոր միայն ընդունվեն: 

- Խորհրդաժողովի հիմքը դրեց ԱԳՆ-ն, ի դեպ, ոմանք դեռ այն կարծիքին են, որ նման խորհրդաժողովը ԱԳՆ-ի գործառույթն է, ի՞նչ կասեք:  

Երբ որ մենք ԱԳՆ-ում սկսեցինք Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովը, Սփյուռքի նախարարություն դեռ չկար, ստեղծվելուն պես նրան փոխանցվեց խորհրդաժողով անցկացնելու գործը: Եթե ինձ հարցնեք, առհասարակ մեզանում սփյուռքի նախարարություն պետք չէ լինի, Արտաքին գործերի նախարարության սփյուռքի վարչությունը լրիվ բավական է, որովհետև սփյուռքահայերը հանդիսանում են տարբեր երկրների քաղաքացիներ, իսկ այդ երկրները Հայաստանի հետ հարաբերվում են ԱԳՆ-ի միջոցով: Ի՞նչ է նշանակում սփյուռք՝ չկա նման բան: Կա ԱՄՆ-ի քաղաքացի, Լիբանանի քաղաքացի, Իրանի քաղաքացի, իսկ սփյուռքը ֆիկցիա է: Դու չես կարող լիբանանահային, ամերիկահային, իրանահային, մյուսին նույն ձևով մոտենալ, բոլորին դիտարկել մի կառույցի մեջ: Նրանք բոլորը տարբեր խնդիրներ ունեն, տարբեր իրավական դաշտում են գտնվում: Որոշել են, ստեղծել են սփյուռքի նախարարություն, որը ծախսը բավականին շատացրել է: Ի վերջո, մարդիկ խորհրդաժողովին ելույթներ են ունենում, նշում են գործեր, որոնք կիսատ են մնացել, փող չկա, փող են ուզում: Խորհրդաժողովին ծախսված փողի մի մասը կարելի էր պարզապես ուղղել կիսատ գործերը ավարտելուն: Ես, օրինակ, Սփյուռքի նախարարություն չէի պահի և առհասարակ մեզանում կկրճատեի ոչ միայն սփյուռքի, այլ՝ մի քանի նախարարություն ևս: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/09/22/408204.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Friday, September 12, 2014

Հայաստան – Սփիւռք համագումարը ի՞նչ կրնայ բերել սուրիահայերու տագնապին

Հրաչ Քալսահակեան


Few days ahead Armenia –Diaspora 5th conference will convene in Yerevan. Syrian Armenians will participate with a big delegation representing various (religious and non-religious) community establishments.


Are these representatives ready to present their cause to the Diaspora Armenians in the most engaging way or will they be just occupied in reciting their well-prepared reports and voicing some strongly worded rhetoric? Hrach Kalsahakian poses the difficult question.


Քանի մը օր ետք Երևանի մէջ պիտի գումարուի Հայաստան – Սփիւռք 5-րդ համագումարը, որուն չորս նիստերէն մէկը յատկացուած պիտի ըլլայ սուրիահայութեան տագնապին՝ «Սուրիահայ համայնքի հիմնախնդրիները» խորագրին տակ:


Նշեալ նիստին մինչեւ այս պահը արձանագրուած են տասնըմէկ նիստավարներ՝


1. Ֆիրդուս Զաքարեան - Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար:

2. Վահան Պօղոսեան - Առողջապահութեան նախարարի տեղակալ:

3. Ժիրայր Րէիսեան - Բերիոյ թեմի մամուլի քարտուղար:

4. Գերաշնորհ Տէր Արմաշ եպիսկոպոս Նալբանդեան - Դամասկոսի թեմի առաջնորդ:

5. Գերաշնորհ Տէր Շահան արքեպիսկոպոս Սարգիսեան- Բերիոյ թեմի առաջնորդ:

6. Հայր Անդրանիկ ծայրագոյն վարդապետ Այվազեան – Ճէզիրէի հայ կաթողիկէ թեմի առաջնորդ:

7. Վերապատուելի Յարութիւն Սելիմեան – Սուրիոյ հայ աւետարանական եկեղեցիներու միութեան նախագահ:

8. Վազգէն Եագուպեան - ՀԲԸՄ կեդրոնական վարչական ժողովի անդամ:

9. Լևոն Պըլըխեան - ՌԱԿ Հիւսիսային Սուրիոյ շրջանային վարչութեան ատենապետ:

10. Շաւարշ Ակինեան- ՍԴՀԿ Սուրիոյ կեդրոնական վարչութեան անդամ:

11. Լենա Հալլաճեան - «Սուրիահայերու հիմնախնդիրները համակարգող կեդրոն» հասարակական կազմակերպութեան նախագահ:


Նիստավարներուն չորսը Սուրիոյ մէջ գործող համայնքապետեր են, իսկ մնացնեալներուն մեծամասնութիւնը այս կամ այն ձեւով կը ներկայացնեն հայկական աւանդական կուսակցութիւններն ու կազմակերպութիւնները:


Յատկանշական է, որ նիստավարներուն կարեւոր տոկոսը յատուկ պիտի ժամանէ Սուրիայէն այս համագումարին ներկայ գտնուելու համար:


Այս բոլորը շեշտը կը դնեն նիստի պատմական հանգամանքին վրայ: Արդարեւ Սուրիոյ դէպքերէն ետք առաջին անգամն է որ սուրիահայ կրօնական եւ աշխարհիկ ղեկավարութիւնը հաւաքական կերպով պիտի ներկայանայ համայն հայութեան առջեւ ու ազգի սեղանին վրայ դնէ զինք յուզող հարցերը:


Վերջին ժամանակաշրջանի զարգացումները յստակօրէն ցոյց տուին թէ Սուրիոյ դէպքերը բաւական երկարաձգուելու են: Գոնէ պարզ տեսանելի է, թէ յաջորդող քանի մը տարիներու ընթացքին իրավիճակը նախկինէն շատ պիտի չտարբերի:


Հայաստան – Սփիւռք համագումարը կրնայ այն սովորական բեմը դառնալ ուրկէ պիտի ընթերցուին շտապ օգնութեան ու մարդասիրական գործունէութեան տեղեկագրութիւնները: Կրնայ նաև ծառայել որպէս ամպիոն աննկուն կամքի, հաւատքի ու քարի կառչածութեան մասին կոչեր արձակելու:


Բայց սոյն համգումարը կրնայ նաև վերածուիլ աննախընթաց առիթի մը, երբ սուրիահայ աւագանին, հայրենի հողին ուժը շօշափած, յաջողի դուրս գալ մեռելային շուրջպարէն ու վճռական իր խօսքը ուղղելով համայն հայութեան, պահանջէ որ ազգի բոլոր մասնիկները (ներառեալ սուրիահայերը) պատասխանատուութեան իրենց բաժինը ստանձնեն այս տագնապին դիմաց:


Ընդամէնը քանի մը օր մնացած է սուրիահայ ներկայացուցիչներուն դիմաց:


Պիտի յաջողի՞ն դէպքերու զարգացումները քննական ակնոցով դիտել ու համոզիչ ձեւով ներկայացնել իրենց դատը, ըստ այնմ նուաճելով համահայկական զօրակցութիւն, թէ պիտի բաւականանան իրենց պերճախօս տեղեկագիրները ընթերցելով ու բոցաշունչ քարոզները հնչեցնելով: