Monday, July 28, 2014

Զբոսաշրջություն


Զբոսաշրջություն

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ

Լիարժեք հանգիստը լավ աշխատելու հիմնական գրավականներից է: Իհարկե, սոցիալական վիճակից ելնելով, ոչ բոլոր հայաստանցիներն են կարողանում ամռանը հանգստանալ, դրա շուրջ անգամ հայտնի հումոր են հորինել. Հայաստանում միայն հարուստներն են հանգստանում: Ըստ նույն անեկդոտի` միջին խավը գերադասում է արտերկրում հանգստանալ:

Իսկ որտե՞ղ են այս տարի նախընտրում հանգստանալ մեր հայրենակիցները: Պարզվում է`նախասիրությունները չեն փոխվել: Հանգստի են մեկնում հիմնականում Վրաստան, Հունաստան, Կիպրոս, Անթալիա, ավելի մեծ միջոցների դեպքում`Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա եւ եվրոպական այլ երկրներ:

Տուրիստական գործակալություններում նշում են, որ այս տարի եվրոպական երկրներում հանգստանալ ցանկացողների թիվը նվազել է: Պատճառը վիզաների հետ կապված քաշքշուկներն են:

Ինչեւէ, պարզվում է`պատմական նշանակություն ունեցող երկրներից հայերը հաճախ նախընտրում են Եգիպտոսը: Տուր-օպերատորները նշում են, որ օրինակ, Դուբայում մոտ 750-800 դոլարի դիմաց կարելի է մեկշաբաթյա հանգիստ անցկացնել`բարձրակարգ երկտեղանոց հյուրանոցով եւ մեկանգամյա սննդով: Բուլղարիայում հանգիստը կարժենա շուրջ 1000 եվրո, իսկ Իսպանիա եւ Իտալիա մեկնողները պետք է ծախսեն մոտ 1300 եվրո:

Վրաստանն այս տարի եւս զբաղեցնում է հանգստյան ամենապահանջված գոտիների առաջին հորիզոնականը: Մեկ անձի 7-օրյա հանգիստը սկսվում է 50.000 դրամից, ներառյալ`հյուրանոցի օրավարձը, սնունդը եւ ճանապարհածախսը: Այս երկրում հանգստացողների մեծ թիվը պայմանավորվում է ոչ միայն գնի մատչելիությամբ, այլեւ ծովի առկայությամբ:

Վիճակագրությունը փաստում է, որ Աջարիա մեկնողների թիվը կազմում է մոտ 60-ից 70.000: Հայերն այստեղ մեկնում են գնացքով, ավտոբուսով, կամ էլ`սեփական մեքենայով:

Հատկանշական է, որ 2012 թվականի հունվար-սեպտեմբերին մեր երկիր է ժամանել է 603.074, զբոսաշրջիկ, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով զբոսաշրջիկների 9,4 տոկոս աճ,- փաստում է վիճակագրությունը: Սակայն հստակ չէ`որպես զբոսաշրջիկ հաշվում են բոլոր Հայաստան ժամանողներին, թե հենց հանգստի նպատակով եկողներին: Զբոսաշրջիկների թիվը մեր երկրում կտրուկ աճում է փառատոնների, ինչպես օրինակ Ախթալա քաղաքում անցկացվող ավանդական ուտեստների եւ Արենի գյուղում` Գինու փառատոնի ընթացքում, Գյումրիում էլ շուտով անց է կացվելու զբոսաշրջային մեծամասշտաբ փառատոն, որը եւս մեկ անգամ զբոսաշրջիկների ուշադրությունը կսեւեռի մեր երկրի`մասնավորապես ավանդույթներով հարուստ Գյումրի քաղաքի վրա:

Մասնագետները վստահեցնում են. նպատակաուղղված ջանքերի դեպքում Հայաստանն էլ շուտով կդասվի այն գայթակղիչ երկրների ցանկին, որտեղ հանգստանալը կլինի ոչ միայն հաճելի, այլեւ`մատչելի: 

http://www.azad-hye.net/news/viewnews.asp?newsId=621ajgs41

 

No comments:

Post a Comment